Մենք պետք է հետեւենք ոչ միայն օրենքի տառին, այլեւ օրենքի ոգուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը՝ անդրադառնալով իրենց թիմի հասցեին հնչող մեղադրանքին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկին գորգ է խոստացել, ինչը ընտրակաշառք կարող է դիտվել, անգամ քրեական հետեւանքներ ունենալ:
«Եթե խորամուխ լինենք հարցի մեջ, այն շատ ավելի համապարփակ երեւույթ է: Հիմա պարոն Փաշինյանը մի քաղաքացու կես լուրջ-կես կատակ գորգ է խոստացել: Անշուշտ պետք է հասկանանք, որ Փաշինյանը գորգը խոստացել է ոչ այդ մարդու քվեի համար: Կա՞ մոլորակի վրա որեւէ մարդ, որ կարծում է, որ Փաշինյանը գորգ էր նվիրում այդ մարդուն, որ նրա քվեն ստանա: Պարզ է չէ՞, որ դա ինչ-որ իրավիճակում արված արտահայտություն է, որը ոչ միայն զանգվածային բնույթ չի կրում, այլ կոնկրետ այդ մարդու քվեի ակնկալիքն էլ չկար այդ դեպքում»,-ասաց Արարտ Միրզոյանը:





























