Այն հարկային օրենսգիրքը, որն այսօր ընդունվել է, գրված է ստվերային տնտեսության համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Արտաշատում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ամեն բան անելու է, որ Հայաստանում ընդունվի նոր Հարկային օրենսգիրք, քանի որ գործողը, նրանց համոզմամբ, հարվածում է տնտեսվարողների շահերին. «ՊԵԿ-ը կիրառում է օրենքը, որովհետեւ օրենքը դա է, բայց դա գրվել է ստվերային տնտեսության համար եւ լուրջ հարվածներ ունենք մեր տնտեսվարողներին»:
Հայաստանի փոքր ու մեծ գյուղերի զարգացման համար քաղաքական ուժը մտադիր է ինքնազբաղվածներին ազատել հարկերից:
«Շատ արագ նախաձեռնելու ենք հարկային օրենսդրության փոփոխություն, հարկային վարչարարության նվազեցում, հարկային բեռի թեթեւացում եւ թողնելու ենք, որ բիզնեսը, գործարարությունը, մարդիկ, որ ինքնազբաղվածություն ունեն՝ մի փոքր բան են սկսել, շնչեն. բոլորին ազատելու ենք հարկային բեռից, որ շնչի տնտեսությունը»,-ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանը» մտադիր է ազատականացնել տնտեսությունը, որպես ազատական քաղաքական միավոր, որն ուզում է քանդել մոնոպոլ տնտեսությունը:



























