Ես ներողություն եմ խնդրել Կարեն Ղազարյանի ընտանիքից, որ մինչեւ հիմա մեր ջանքերն արդյունավետ չեն եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընատնիքի անդամների հետ հանդիպմանը:

Հարցին, թե համաձայնության եկա՞ն, որ այլեւս բողոքի ակցիաներ չեն անելու, Փաշինյանը պատասխանեց. «Ակցիաներն իրենց իրավունքն են, ուղղակի իմ ակնկալիքն այն է, որ այդ ակցիաների բովանդակությունը համահունչ լինի նպատակներին: Որովհետեւ, եթե պատկերացրեք, մենք ամեն օր այդ ճանապարհը փակենք, դա Ադրբեջանը շահագրգիռ կլինի, որ չվերադարձնի, որ այդ ճանապարհը հաճախ փակվի: Այդ ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Այսինքն ճանապարհը փակելով ոչ թե օգնում ենք, որ վերադառնա, այլ ընդհակառակը, նպաստում ենք, որ Ադրբեջանը շահագրգիռ լինի ավելի երկար նրան պահելու»:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաեւ 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում: Սա Ադրբեջանի իշխանություններին չէր խանգարել Ղազարյանին դիվերսանտ հայտարարել եւ դատել:

Նշենք, որ օրեր առաջ Բերդավան գյուղի բնակիչները փակել էին դեպի Բագրատաշեն եւ Վրաստան տանող ճանապարհը եւ պահանջում են հետ վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին:

Դուք հիմա պահել եք գրություն՝ «Վերադարձրեք մեր Կարենին», բայց Կարենը նաեւ մերն է. Փաշինյանը՝ Նոյեմբերյանում