Դեկտեմբերի 9-ին այս ղալմաղալը պիտի ավարտվի, որովհետեւ սա ղալմաղալ է, եւ սկսվի կառուցման ժամանակաշրջանը, որին «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Էջմիածնում նախընտրական քարոզչության ժամանակ:
Նա գոհ է, որ ընտրությունները շուտ կազմակերպվեցին, քանի որ վստահ է, որ վերջին 6 ամիսները եղել են ճգնաժամային. «Կառավարությունը եղել է անցումային, ամեն ինչ արել ենք, որ ռեւանշ չլինի, հեռացված ուժի բերանը լեզու դնելու շանս չտանք եւ այդ 6 ամիսները ավարտվել են: 1 տարի չենք կարող ունենալ ճգնաժամային կառավարություն. դժվար է շատ, երբ պարզ չէ՝ ով է ընդդիմություն, ով իշխանություն»:
Քաղաքական այս ուժը մտադիր է խոսել ոչ թե խնդիրներից, այլ դրանց լուծումներից. «Բոլորն արդեն ընդունում են, որ կա ձեւավորված կարծիք՝ երկրորդ ուժը պետք է լինի Լուսավոր Հայաստան կուսակացությունը: Մեր հավակնությունը դա է»:
Լուսավոր Հայաստանն անելու է ամեն ինչ, որ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները հակակշռեն միմյանց եւ որեւէ իշխանության ճյուղ դուրս չգա իր սահմաններից:
«Իսկ դա ինչ է նշանակում, որ երբեք դատարանները զանգերով դատեր չանեն, իրենք իրենց չգրաքննեն, որոշեն, որ այ սենց անեմ՝ իշխանությունը ինձ կգնահատի, մենք ուզում ենք ունենալ այնպիսի դատական իշխանություն, որտեղ բոլորը օրենքի առջեւ լինեն հավասար՝ կապ չունի՝ իշխանավոր է, թե հասարակ քաղաքացի»,-ասաց նա:
«Եթե հանկարծ մեկը շփոթվի մեզ վրա հարձակում գործել, լուսավոր պատասխանը կստանա»,-ասաց Էդմոն Մարուքյանը:





























