Անհրաժեշտության դեպքում «Իմ քայլը» դաշինքը կօգտվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում վճարովի քարոզարշավի ժամանակից իր նախընտրական նյութերը տարածելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է «Իմ քայլը» դաշինքն օգտագործում միայն անվճար եթերաժամը եւ արդյոք դա կապված չէ ֆինանսական դժվարությունների հետ:
Կոստանյանի խոսքով, իրենք Հանրային հեռուստատեսության հետ պայմանագիր ունեն, եւ անհրաժեշտության դեպքում կօգտվեն վճարովի եթերից: «Այս պահի դրությամբ անվճար եթերաժամանակը մեզ լիորվին բավարար է, որպեսզի ընտրողներին փոխանցենք մեր ... Մենք ֆինանսական դժվարություններ չունենք, մենք չենք ուզում ավելորդ ծախսեր անել, այդ 2 րոպե անվճար հեռուստաեթերը բավական է», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղարը:
Հարցին, թե ինչու մինչ օրս «Իմ քայլը» դաշինքը չի օգտվել անգամ անվճար Հանրային ռադիոյի եթերաժամանակից, Կոստանյանն ասաց, որ նրանք մտադիր են այն օգտագործել ըստ անհրաժեշտության:
Ճշտող հարցին՝ արդյոք դա կապված է նրա հետ, որ երկրում քիչ ռադիոլսողներ կան կամ ընտրազանգվածի այդ մասը թիրախ չէ իրենց քաղաքական ուժի համար, Վահան Կոստանյանն ասաց.
«Բոլորովին, եթե մենք հավակնում ենք խորհրդարանում մեծամասնություն դառնալ, բնականաբար, հասարակությունում չկա այնպիսի շերտ, որը մեզ համար հետաքրքիր չէ եւ թիրախ չէ»:
Այն նկատողությանը, որ հակասություն կա «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հոլովակների եւ Նիկոլ Փաշինյանի հանրային ելույթների միջեւ, ով ի տարբերություն հոլովակների խաղաղ, սոցիալական բովանդակության, մարտական հռետորաբանությամբ է հանդես գալիս, Կոստանյանն ասաց, որ համաձայն չէ այդ ձեւակերպմանը.
«Ես համաձայն չեմ, որ մարտական հռետորաբանություն է հնչում: Մենք փորձում ենք տարբեր ռակուրսներից ներկայացնել ընթացիկ քաղաքական իրավիճակը եւ առաջիկա 5 տարվա Հայաստանի ապագայի մասին երկարաժամկետ ուղերձ ներկայացնել», - ասաց նա:



























