Դուք ո՛չ Կոկո Շանելն եք, ո՛չ էլ Ջանի Վերսաչեն, որ «սեւեր» ու «սպիտակներ» խաղաք: Այս մասին նոյեմբերի 28-ին Շիրակի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի մասին:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժը չէ, որը կարող է հավակնել ընդդիմության դերին: «Մի՛ արեք այն, ինչ դուք անում եք: Ընդունված չէ այլ քաղաքական ուժին քննադատելը, սակայն Հանրապետական կուսակցության գործողություններն այլ ընտրություն չեն տալիս»,- նշել է նա:

Սարգսյանը շեշտել է, որ «նրանք նախ ավերեցին երկիրը, իսկ հիմա ընտրություններում հանդես են գալիս «սեւ» ու «սպիտակ» ուժերի տրամաբանության շրջանակում՝ հասարակությանը բաժանելով»:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: