Այն մարդիկ, որոնք լուրջ ռեսուրսներ ունեն եւ նախկին իշխանություններին մոտ են եղել, իրենց դիրքերը պահպանում են: Այս մասին նոյեմբերի 28-ին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայատարարել է «Մենք» դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ամբողջ հարստությունը 10 ընտանիքի ձեռքին է, եւ մինչեւ հիմա իրավիճակը չի փոխվել: «Այսօր իշխանությունները խոսում են «ստվերային» տնտեսության դեմ պայքարի մասին, սակայն այն մարդիկ, որոնք ահռելի ռեսուրսներ ունեն եւ նախկին իշխանություններին մոտ են եղել, մինչեւ հիմա իրենց դիրքերը պահպանում են»,- նշել է նա:
Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ անհրաժեշտ է թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը: «Փոքր եւ միջին բիզնեսի հարկումը բյուջեի համար զգալի չի լինի, փոխարենը հարկային բեռի թեթեւացումը թույլ կտա լուծել զբաղվածության հարցը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



























