Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտի նոր սրման ֆոնին Գերմանիան եւ Ֆրանսիան մերժել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների խստացման առաջարկը: Բրյուսելում ԵՄ քաղաքականության եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները հանդես են եկել կոնֆլիկտի կողմերի միջեւ վստահության ամրապնդման օգտին, հայտնում է Die Welt-ը:
Գերմանիայի եւ Ֆրանսիայի կարծիքով՝ պատժամիջոցները նման միջոցառումների մասը չեն:
Եվրամիությունում ներկայումս նախագահող Ավստրիան նախօրեին առաջարկել էր ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս նախաձեռնությանն աջակցել էին Էստոնիան եւ Լեհաստանը:
Միաժամանակ, Գերմանիայի «Միություն90/«կանաչներ» կուսակցության համանախագահ Աննալենա Բերբոքը, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կոնֆլիկտի սրման հետ կապված, կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» վիճահարույց գազատարի կառուցումից: Կապված «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի աղաղակող խախտումների հետ՝ անհրաժեշտ է այս նախագիծը քաղաքական պատճառներով դադարեցնել», հայտարարել էր նա Die Welt-ի հետ հարցազրույցում:





























