Երկրում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի. Արյան հետ կապված հանցագործություններ եւ արյան հետ չկապված հանցագործություններ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Իմ մոտեցումն այն է, որ արյան հետ կապված հանցագործությունները ոչ մի պարագայում չի կարելի ներել: Իսկ եթե գողացվել է փող, այն կարելի է վերադարձնել, եթե անհրաժեշտ է՝ նաեւ տոկոսներով: Մենք պետք է մեխանիզմ մտածենք, որը հնարավորություն կտա թալանված միջոցները հնարավորինս արագ վերադարձնել բյուջե եւ ծառայեցնել առաջին հերթին մեր զինված ուժերի ուժեղացմանը:

Ես մեր կառավարության համար շատ ամբիցիոզ խնդիր եմ ձեւակերպել. Առաջիկա 5 տարիներին մենք խպետք է կարողանանք մեր ԶՈՒ զարգացման վրա ծախսել նվազագույնը 2,5 մլրդ դոլար գումար: Այդ փողի մի մասը պետք է գոյանան այդ գողացված գումարների վերադարձից:

Երբ ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար նկատի չունենք միայն նախկիններին, այլ նաեւ այսօրը: Ժողովուրդը պետք է հստակ մեխանիզմներ ունենա ստուգելու պաշտոնյան կոռումպացված է, թե ոչ»,-հայտարարեց Փաշինյանը: