Իրանում հուզումները դրսից աջակցություն չեն ստանա եւ շուտով կխաղաղվեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Սամվել Մակարյանը։ Նրա խոսքով՝ Իրանում Եգիպտոսի կամ Թունիսի դեպքերի կրկնությունը բացառվում է, քանի որ այդ երկրում դրա դեմ կենտրոնացված քաղաքականություն է ընթանում։
Իրանագետի կարծիքով, Թեհրանի ներկայիս իշխանությունները շատ ամուր դիրքեր ունեն բանակում եւ ոստիկանությունում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը։ «Պետք է հիշել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին։ Օրինակ՝ Եգիպտոսում ոստիկանությունը մի որոշ ժամանակ անց տեղի տվեց հուզումներին, իսկ Իրանում նման իրավիճակի դեպքում գործի կարող է անցնել այս կառույցը։ Կորպուսը հենց նման սցենարից ապահովագրված լինելու համար է»,- ասաց Մակարյանը։
Խոսելով Մերձավոր Արեւելքում բողոքի ալիքների առաջացման մասին՝ նա նշեց, որ այն հիմնականում պատճառ է համատարած աղքատության, չքավորության եւ անտանելի սոցիալական պայմանների։ «Այս խնդիրը պետք է դիտարկել գլոբալացման գործընթացների տեսանկյունից։ Եթե Եվրոպայում ստեղծված է սոցիալական քաղաքանության ճկուն պայմաններ, որն էլ զսպում է աղքատ բնակչության հուզումները, ապա Մերձավոր Արեւելքում չկան գործող նման համակարգեր։ Միայն Քուվեյթում եւ Սաուդյան Արաբիայում են գործում որոշ սոցիալական ծրագրեր։ Մերձավոր Արեւելքի մյուս երկրներում ավելի ու ավելի է շատանում գործազրկությունը եւ ծայրահեղ աղքատների թիվը, ինչն էլ ստիպում է մարդկանց փողոց դուրս գալ»,- կարծիք հայտնեց Մակարյանը։
Փորձագետի կարծիքով, Արեւմուտքը ստեղծված իրավիճակը չի օգտագործի Իրանին թուլացնելու համար։ «Արեւմուտքը չի ցանկանում Մերձավոր Արեւելքի առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակն էլ ավելի թեժացնել։ Դա նրա շահից չի բխում, քանի որ վերջին հաշվով, այն կարող է քաոսի վերածել ողջ տարածաշրջանը, նոր անջատողական ուժերի ի հայտ գալուն նպաստել, կործանել պետություններ»,- ասաց իրանագետը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն արդեն «խրվել է» Իրաքում եւ Աֆղանստանում, եւ նոր հուզումները Իրանում ավելի շատ օգտակար եղան Իրանի գործող իշխանության դիրքերի ամրապնդման համար։





























