Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը սկսել է չափազանց ագրեսիվ քարոզչություն իրականացնել: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

Ըստ փորձագետի դա կապված է այն ըմբռնման հետ, որ էյֆորիան նահանջում է եւ ընտրողը արդեն այդքան ոգեւորված չի արձագանքում էմոցիոնալ ելույթներին:

«Երեւանում երթը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն այլեւս չի կարող ապավինել միայն հետհեղափոխական էյֆորիային: Դրա հետ են կապված Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ ագրեսիվ հարձակումները, որոնք երբեմն վիրավորանքների են վերածվում»,-ասաց փորձագետը:

Ինչպես նշեց Վիգեն Հակոբյանը, այս մոտեցմամբ Նիկոլ Փաշինյանը միանգամից երկու սխալ է թույլ տալիս: «Նախ, դա հարվածում է սեփական վարկանիշին, քանի որ ընտրողների շրջանում կլինեն մարդիկ, որոնք  ագրեսիա չեն սիրում: Երկրորդ՝ սեւ PR-ը նույնպես PR է, եւ այն, ըստ էության, ձեռնտու է ՀՀԿ-ին», - բացատրեց փորձագետը` ավելացնելով, որ այսօր ՀՀԿ-ն ձգտում է ուշադրության կենտրոնում լինել՝ անկախ նրանից, թե ինչ լույսի ներքո դա կլինի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: