ՀՀԿ-ն չգիտեմ որտեղից ինքն իրեն որոշում է կայացրել, որ մեր կառավարությունը որոշել է արտագնա աշխատանքի մեկնողների հարկի, հետո էլ որոշեց, որ իր պահանջների արդյունքում կառավարությունն էդ մտքից հրաժարվեց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, որեւէ որոշում չի կարող կայացվել առանց վարչապետի. «Սա առաջին անգամ է, որ մենք էդպիսի բան ենք որոշել, ու դա ես իմացա ՀՀԿ-ականներից: Էդ մարդկանց վիճակն այդքան ծանր է: Էսօր լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչ-որ մարդիկ իրենց հայտարարություններով ջուր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին, ասում եմ՝ ՀՀԿ-ն պետք է ջրաղաց ունենա, որ ջուր լցնեն: Հանրապետականը նույնիսկ կոֆեաղաց չունի, նույնիսկ սեւ բիբար աղալու սարքից չունի»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչով դիմեց այն մարտունեցիներին, որոնք աշխատում են Հայաստանի սահմաններից դուրս. «Մենք տնտեսական հեղափոխություն անելու գործում նաեւ ձեր վրա հույս ենք դնում: Մենք հույս ունենք, որ մեր մարտունեցի մեր եղբայրները ոչ միայն այսպիսի լավ տներ կկառուցեն, նաեւ արտադրամասեր ու գործարաններ կստեղծեն տեղում: Եկեք ներդրումներ արեք, ստեղծեք աշխաատեղեր, որ մարդիկ չարտագաղթեն, որ Հայաստանից արմատախիլ անենք աղքատությունը: Աշխատող ժողովուրդն աղքատ լինելու իրավունք չունի: Հայաստանում սոված մարդ չպետք է լինի»:
Վարչապետի պաշտոնակատարը անդրադարձավ Սեւանա լճի խնդրին՝ նշելով. «Սեւանա լիճը աղբի շրջապատման մեջ է հայտնվել: Մենք առաջիկայում պետք է աղբի վերամշակման գործարանի ներդրող բերել Հայաստան, որ մեր դրախտավայրն ազատենք աղբից: Սեւանը խեղդվում է աղբի մեջ: Հայաստանում աղբը այնքան չէ, որ մեկից ավելի գործարան աշխատի, իսկ մեկ օպերատորի հետ աշխատելը խնդիրներ է ստեղծում, ինչը տեսանք Երեւանի օրինակով: «Սանիթեք»-ի օրինակը տեսանք, որ երբ այդ ընկերությունն ունեցավ խնդիրներ, դա տարածվեց ողջ Երեւանով մեկ»:



























