Քաղաքագետ Արա Պապյանը համոզված է՝ պետք է կազմվի այնպիսի խորհրդարան, որտեղ ոչ թե մեկ քաղաքական ուժը մեծամասնություն կունենա, այլ տարբեր քաղաքական ուժեր կհակակշռեն միմյանց։ 

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ուշի գյուղում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավին նա շեշտեց, որ բացառիկ վիճակ է ստեղծվել, երբ քաղաքացիներին չեն ստիպում, չեն կաշառում, երբ քաղաքացիները կարող են իրենց խղճով քվերակել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Պապյանը նկատեց՝ իրենք էլ են ուզում Նիկոլ Փաշինյանին օգնել ինչ–որ հարցերում, ինչ–որ հարցերում էլ ուզում են, որ Նիկոլ Փաշինայնն օգնի. «Պարզ չի, որ Արցախի հարցում Նիկոլը չի կարա կոշտ լինի, բայց «Սասնա ծռերը» կարան կոշտ լինեն ու պետք ա կոշտ լինեն։ Կամ որ ինքն ասում ա Արցախի հարցը կլուծենք այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում, բա ժողովրդի ձայնը ո՞վ է հնչեցնելու։ Պիտի լինեն ԱԺ–ում կուսակցություններ, որոնք կհնչեցնեն»։

Քաղաքագետը նաեւ շեշտեց՝ պետք է խորհրդարանում ներկայացված լինի մի ուժ, որը կասի, որ կոռուպցիայի դեմ պայքարը բավարար մակարդակով չի իրականացվում. «Պիտի լինեն կուսակցություններ, որոնք պետք է ասեն՝ էս կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չէ,  ավելի շատ խոսում եք, քան պայքարում եք, եկեք ռեալ պայքար մղեք, էդ բռնել–բաց թողելուն վերջ տվեք»։

Պապյանը հորդորեց ընտրել այնպես, որ խորհրդարանում ուժերը չկենտրոնան մեկ ուժի ձեռքում. «Քաղաքականության մեջ ազնիվ մնալու միակ ձեւը հակակշիռներն են, հիմա ձեր ուժեղության շրջանն է։ Միանգամից չի լուծվելու խնդիրները,  բայց եթե լավ խորհրդարան ձեւավորվի, կզգաք փոփոխությունները»։

Նա ընտրողներին խորհուրդ տվեց երազանքների գիրկը չընկնել. «Մի ընկեք երազանքների գիրկը, հույսը մի դրեք, որ կուսակցության ներսում մեկը լինի կամ թագավոր լինի ձեր հարցերը լուծի, չրի լինելու այդ թագավորը, խորհրդարան  կազմեք քաղաքական տարբեր ուժերից, որ նրանք հանուն իրենց շահի ձեր շահերը պաշտպանեն, որ 5 տարի հետո գա, ասի տեսեք ինչ ասել էի, արեցի»։

Պապյանն ընդգծում է՝ այն երկրներն են զարգանում, որտեղ ուժերը համարյա հավասար են բաշխված, որոնք իրար հակակշում են, երբ «մի ուժ 70-80 տոկոս է ունենում, ինքը դրա կարիքը չունի, ասում ա փակեք դրա բերանը, ես իմ երկու երրորդով կանցկացնեմ»։