Ժամանակն է, որ Հայաստանում ներդրվի բժշկական ապահովագրության համակարգ: Այս մասին նոյեմբերի 29-ին Երեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդին պարտադրել են կուտակային կենսաթոշակային համակարգը, որին նա պատրաստ չէր: «Պետք է հրաժարվել այդ համակարգից: Մենք դրա փոխարեն կարող էինք արագ անցում կատարել քաղաքակիրթ բժշկական ապահովագրությանը»,- նշեց Բաղդասարյանը:
Ընդ որում՝ նա խոստացավ, որ եթե իրենց քաղաքական ուժը խորհրդարան անցնի, ապա կպնդի քաղաքացիներին վճարել բոլոր խնայողությունները, որոնք նրանք կորցրել են ԽՍՀՄ փլուզումից հետո: «Մեր նախկին ջանքերի շնորհիվ մենք Հայաստանում արդեն կարողացել ենք վերադարձնել 212 հազար մարդկանց խնայողությունները»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ վճարումների են սպասում եւս 250 հազար քաղաքացիներ:



























