Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը կրկին «Ռոսգոսստրախ»-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրել է կալանքը՝ մինչեւ 2018թ․ հունիսի 16-ը։ Նրան մեղադրում են խոշոր չափի խարդախության մեջ։ Այդ մասին News.ru-ին հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Եկատերինա Կրասնովան։
Նրա խոսքերով՝ Խաչատուրովը այս տարվա գարնանը արդեն կալանավորվել էր, սակայն Մոսկվայի քաղաքային դատարանում փաստաբանների բողոքները վերանայելուց հետո, վճռաբեկ մարմինը գործը ուղարկել էր շրջանային դատարան։
Նշենք, որ Սերգեյ Խաչատուրովը «Ռոսգոսստրախ»-ի նախկին հիմնական սեփականատեր Դանիել Խաչատուրովի եղբայրն է։ 2015թ․ սկսած՝ ընկերությունը բազմամիլիարդանոց վնասներ է կրել, որը բացատրվել է ԱՊՊԱ շուկայի խնդիրներով (2017թ․ արդյունքներով վնասը կազմել է 55,7 մլրդ ռուբլի)։
Սերգեյ Խաչատուրովը կալանավորվել եւ ձերբակալվել էր 2018թ․ ապրիլին։ Սկզբնապես նրան վերագրվում էին գործողություններ, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ 160 հոդվածով («Վատնում»), սակայն օգոստոսին մեղադրանքը փոխվել էր՝ համապատասխանելով 159 հոդվածին («Առավել խոշոր չափի խարդախություն»), որով առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է։ Հետաքննության ավարտը նշանակված է 2019թ․ մարտի 18-ին։
Խաչատուրովի հանդեպ ընտրված խափանման միջոցի դեմ նրա փաստաբանները բողոք էին ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարան, որը եզրակացրել էր, որ ձերբակալելիս նրա ձեռնարկատիրական գործունեության մասին պաշտպանության փաստարկներին գնահատական չի տրվել։ ԳԴ-ն մեղադրյալի փաստաբանների բողոքն ուղարկել էր Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահություն՝ ուսումնասիրության համար։ Պաշտպանությունը նախագահությանը խնդրել էր անհապաղ ազատ արձակել Խաչատուրովին՝ նրա հանդեպ տնային կալանք սահմանելով, սակայն նոյեմբերի 16-ին դատարանը գործը վերադարձրել էր առաջին ատյան՝ Լեֆորտովյան շրջանային դատարան։
Պաշտպանության բողոքի համաձայն՝ Խաչատուրովն անօրինական է պահվում անազատության մեջ, քանի որ նրա այն գործողությունները, որ հետաքննությունը որակում է որպես հանցագործություն, կատարվել են ձեռնարկատիրական ոլորտում։ Բիզնեսմենը պնդում է, որ ինքն անմեղ է, եւ որ բոլոր մեղադրելի գործողությունները կատարվել են քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում։





























