Մենք ոչ միայն չենք կասեցրել Արցախի բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ ենք արձանագրել, ինչի ապացույցը առաջնագծում տիրող համեմատական խաղաղությունն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Սեւանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե գործող կառավարության օրոք բանակցային գործընթացը կասեցվել է։
«Հրադադարի ռեժիմը երբեք ավելի շատ չի պահպանվել վերջին առնվազն 15 տարվա ընթացքում, ինչքան հիմա։ Բայց սա ոչ մի բան չի նշանակում։ Մենք հասկանում ենք, որ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանը եւ մենք ունենք տարբեր պատկերացումներ։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ԼՂ հարցի բացառապես խաղաղ կարգավորման։ Բայց մենք ասել ենք նաեւ, որ ես կարող եմ բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի անունից։ Մենք շատ կարեւոր ենք համարում Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը հարցի վերջնական եւ խաղաղ կարգավորման առումով»,– նշեց նա։
Փաշինյանը շեշտում է՝ նախորդ իշխանությունների կոպտագույն սխալն է համարում Ղարաբաղը բանակցությունների սեղանից հեռացնելուն մասնակից լինելը։











