ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախագծի  ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն եւ պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության եւ որակման առանձնահատկություններով, ինչպես նաեւ Կոմիտեի անվանացանկը եւ հաստիքացուցակը օրենսդրական հիմքին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին  ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» կվերանվանվի «Ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:

Վարչության ստեղծումը հնարավորություն կտա ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից: