«Իմ քայլը» դաշինքի հետ կոնֆլիկտի ֆոնին անընդհատ հիշատակվում է ՀՀԿ-ն՝ արհեստականորեն նրան հնարավորություն տալով մտնել Ազգային ժողով: Աս մասին այսօր՝ նոեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Սուրեն Սահակյանը:

Նրա խոսքով՝ լավ կլիներ քաղաքական ուժերի բանավեճը տեղափոխվեր գաղափարական դաշտ.

«Բոլորը պետք է հավասար հնարավորություններ ունենան. երբ ակնհայտ ֆավորիտը բանավեճում անդրադառնում է միայն մեկ ուժի, ապա նրա կշիռը բարձրանում է: «Իմ քայլի» հետ կանֆլիկտի ֆոնին անընդհատ լուսաբանվում է ՀՀԿ-ն: Այս կերպ ՀՀԿ կառույցը զոռով ներքաշվում է Ազգային ժողով»,-ասաց նա:

Սուրեն Սահակյանը նշեց, որ մեդիայում օրական մոտ 650 հիշատակում է եղել « Իմ Քայլը» դաշինքի մասին, իսկ  500-ից ավելի հիշատակում էլ ՀՀԿ-ի մասին:

«Քաղաքական բանավեճն ընթնում է այս երկու ուժերի մեջ. այս ուժերը տնտեսական քաղաքականության առումով որևէ կերպ չեն տարբերվում իրարից»:

Նշենք, որ նորաստեղծ կուսակցության ցուցակի եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը եւ Ռուզաննա Տոռոզյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին: Քարոզչության համար նախատեսված ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։