Ձեւավորեք այնպիսի իշխանություն, որ այլեւս ճանապարհներ փակելու, ցույցեր անելու եւ երկիրը տարատեսակ ցնցումների մեջ գցելու խնդիր չունենանք։ Այսօր՝ նոյեմբերի 30–ին, դիմելով աշտարակցիներին, հորդորեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
«Եթե չունենք ուժեղ համայնքներ, չենք կարող ունենալ ուժեղ պետություն, մեկը մյուսից է կախված։ Ինստիտուտների զարգացման արդյունքում այլեւս երբեք հեղափոխությունների կարիք չենք ունենա։ Ձեւավորեք այնպիսի խորհրդարան, որ այլեւս ցրելու կարիք չառաջանա։ Ձեւավորեք այնպիսի իշխանություն, որ այլեւս ճանապարհներ փակելու, ցույցեր անելու եւ երկիրը տարատեսակ ցնցումների մեջ գցելու խնդիր մենք չունենանք։ Մեր ժողովուրդը մեզանից սպասում է փոփոխությունների, այնպիսի փոփոխությունների, որ այսօր ավելի լավ ապրի, քան երեկ էր ապրում»,– ասաց Մարուքյանը։
Կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ դեկտեմբերի 9–ը պետք է լինի բոլոր տեսակի ելույթների ավարտը, այդ օրվանից սկսած պետք է օրնիբուն աշխատել. «Պետք է լծվել երկրի կայունացմանը, տնտեսության զարգացմանը, իսկ տնտեսության զարգացման համար պետք է օպտիմալ պետական կառավարման համակարգ, հնարավորինս քիչ պետական միջամտություն, ազատական հարաբերություններ, մարդկանց թողնել, որ շունչ քաշեն, եւ տնտեսությունը սկսի զարգանալ, դրա արդյունքում սկսենք մեր խնդիրները լուծել»։



























