Այլեւս երբեք ՀՀ քաղաքացու ձայնը չի կեղծվելու, այլեւս երբեք լկտիություն չի լինելու, այլեւս երբեք ՀՀ քաղաքացու վրայով ավտոներ չեն քշելու, կներեք գրոտեսկային համեմատության համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա թվարկեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 6 ամսվա ընթացքում.

«- Համապատասխանաբար 10 եւ 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար որոշակի չափաքանակներով:

- Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեեւ այս դեկտեմբերին պետք է թանկանար: Մինչեւ 2024 թվականը չի թանկանալու:

- 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում,

- 85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից:

- «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի: Ընդհանրապես, հիփոթեքային վարկի տոկոսը բոլորի համար 1,5 տոկոսով նվազել է: Հիփոթեքային վարկավորման չափը 22 մլրդ դրամով ավելացել է, այսինքն այդքան մարդ նոր բնակարան է ձեռք բերել:

- Բարձրացել են անշարժ գույքի գները ամբողջ հանրապետությունում: Սա նշանակում է, որ աշխուժություն է մտել, մարդիկ եթե ցանկանան վարկ վերցնել, կարող են ավելի մեծ չափով վարկ ստանալ:

- 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է: Այսինքն մարդիկ, որոնք գտնվում էին վարկերի «սեւ ցուցակում», 25 հազար մարդ վեռրադարձել է «սպիտակ ցուցակ»:

- Երկրորդ երեխայի ծննդի համար միանվագ նպաստը եռապատկվել է:

- 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը,

- վերացել են տնտեսական մենաշնորհները,

- ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երբ կալանավորները տեղ չլինելու պատճառով հերթով էին քնում:

- Երթեւեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է տեղի ունեցել 150 հազար մարդու նկատմամբ, ներվել է 13 մլրդ դրամ,

- Սրտի ստենտավորման գները նվազել են 250 հազար դրամով,

- 2019 թվականից 200 հազար քաղաքացիներ առողջապահությունից կօգտվեն սոցիալական փաթեթի չափանիշներով, այսինքն անվճար,

- Երկրում վերացել է համակարգային կոռուպցիան: Միկրոկոռուպցիան ըստ էության վերացել է, առանձին դեպքեր կան մաքսայինում:

- Էրբեմնի օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից,

- Վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում ընտրությունները չեն կեղծվում,

- Երկրում քաղբանտարկյալներ չկան, 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինությունը, Մարդիկ Վրաստանից գալիս միանգամից հայտնվում էին ավերակների մեջ, մենք Վրաստանը Հայաստանի կապող ճանապարհը արագ նորոգեցինք, որի արդյունքում նաեւ զբոսաշրջության 8,8 տոկոս աճ է արձանագրվել:

- Հանրության առջեւ բացվել են Բաղրամյան 26-ի եւ Ազգային ժողովի դարպասների դռները, եւ հիմա երեխաները դպրոցներով էքսկուրսիա են գալիս,

- Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը,

- Այս պահին ունենք ներգաղթ, արտագաղթի փոխարեն: Առաջին անգամ տարին կփակենք ներգաղթով.

- 7 ամիսների ընթացքում 7 միլիարդ դրամի համայնքային ծրագրեր են իրականացվել եւ հիմա շարունակվում են,

- Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի եւ այս տարի հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք,

- Բաղրամյան 26-ը կրկին լինելու է նախագահի նստավայր,

- Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը,

- Քննչական մարմինները գործում են անկաշկանդ, ըստ նրա՝ առաջիկա օրերին նոր բացահայտումներ կլինեն,

- Հայաստանում տնասպորտային ուղերորահոսքը 12 տոկոսով աճել է»:

Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր այն խնդիրները, որ այս կառավարության առաջ դրված են եղել, լուծվել են. «Այսօր իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ, եւ խնդրում ենք ձեզ այս ընտրություններում մեր դատը անել: Մենք հանձնված ենք ժողովրդի դատին, ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք ուզում է, որ մենք կառավարենք Հայաստանն իր անունից: Ես համոզված եմ, որ մենք կլինենք լավ եւ արդյունավետ կառավարություն: Բայց այն պահին, երբ որոշեք, որ չեք ուզում, որ մենք լինենք կառավարություն, մենք ներողություն կխնդրենք, լուռ կհեռանանք եւ կզիջենք այն քաղաքական ուժին, որն այդ պահին կարժանանա ձեր վստահությանը: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն զգա իր հզորությունն ու ուժը»,-ընդգծեց Փաշինյանը: