Գեղարքունիքի մարզում անցկացրած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին պետական համարանիշներով մեքենաներ կային, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը՝ նշելով, որ պետության միջոցները չպետք է ծախսվեն այդ նպատակներով։

Հայկ Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս  անհարկի բանավիճային իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի միջեւ։

«ՀՀԿ-ին ամբողջ հանրապետության տարածքում շատ վատ են ընկալում։ Անհասկանալի է, թե ինչպես են ոմանք նրան համարում երկրորդ կամ երրրոդ ուժ։ Եկեք լրջանանք, մենք գործ ունենք  խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ։ ՀՀԿ-ի թեկնածուների խոսքերում ես մի բովանդակային նախադասություն չեմ լսել»,- ասաց նա։

Հայկ Գրիգորյանը նշեց, որ «Ազգային առաջընթացն»  առաջարկում է կապիտալը տարանջատել քաղաքականությունից, ընտրությունների գնալ ոչ թե բարձրագոչ անուններ շրջանառելով, այլ հստակ ծրագրեր առաջադրելով. «Վերացական, պոպուլիստական կենացների ու խոստումների հետեւանքն է, որ քսան տարի այս վիճակում ենք։ Մեր ծրագրերը չափազանց հստակ են ու կոնկրետ, ինչ գրել ենք նախընտրական ծրագրում, կյանքի ենք կոչելու։ ԱԺ ամբիոնն օգտագործելու ենք մարզային խնդիրների բարձրաձայնման եւ լուծման համար»։

Հիշեցնենք, որ  «Ազգային Առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է  Լուիսինե Հարոյանը, երկրորդ համարը Սամվել Մելիքյանն է, իսկ երրորդը Արամ Մանուկյանը։

Դեկտեմբերի 9–ին կայանալիք Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։