Քարոզարշավի առաջին օրերին գրում են՝ ժողովուրդը հիասթափվել է եւ երազում է ՀՀԿ-ի վերադարձի մասին, թան էլ չէ, փրթած մածուն ձեզ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Հրազդան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ կանգառը Չարենցավանում էր, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չարենցավանը խորհրդանշում է ապագա Հայաստանի իրենց երազանքը: «Չարենցավանը հիմնադրվել է 1947 թվականին եւ հիմնադրվել է հայրենադարձության արդյունքում եւ դարձել Հայաստանի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը: Մենք ըստ էության, այս երկու սիմվոլների վրա կարող ենք կառուցել ապագա Հայաստանի վերաբերյալ մեր պատկերացումը: Մենք ուզում ենք, որ արտագաղթը դադարեցվի եւ տեղի ունենա մեծ ներգաղթ: Մեր ծրագրում գրել ենք, որ առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի: Հաջորդ մեր պատկերացումը հետեւյալն է. Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր:

27 տարի է Հայաստանի արդյոեւնաբերական տարածքները վերածվել են տոնավաճառների, առեւտրական տարածքների: Պետք է մեր արդյունաբերական տարածքները աշխատանքով լցվեն, բարձր աշխատավարձով աշխատողներով լցվեն»,-հայտարարեց նա:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ այսօր կառավարությունը հուշագիր է ստորագրելու «Էկոտեխպրոմ» ռուսական ընկերության հետ, որը ենթադրում է 285-340 մլն դոլարի ներդրում. «Այդ ընկերությունը 100 հա տարածք ունեցող արդյունաբերական համալիր է ստեղծելու, ունենալու է 1100-1200 աշխատող: 2019-ին սկսում են նախագծման աշխատանքները, իսկ 2022-ին գործարկվելու է: Արտադրելու է կալցինացված սոդա, կերակրի ու տեխնիկական աղ ու ապակի: Այսպիսի բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: