Քարոզարշավի շրջանակներում մարզային այցելությունները ցույց են տալիս, որ կան լուրջ հիմքեր, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն անցնի խորհրդարան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցանկի երկրորդ համարը զբաղեցնող, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրում առաջ քաշված՝ Արցախը Հայաստանին միացնելու վերաբերյալ դրույթին, Գրիգորյանն ասաց, որ այդ գործընթացը հնարավոր է իրականացնել փուլ առ փուլ:
«Սասնա ծռերը» Ղարաբաղի հարցում ունեն կոնկրետ տեսլական, որ Արցախն ու Հայաստանը պետք է միավորվեն: Ոչ մի Մադրիդյան սկզբունքներ այսօր չկան, ոչ մի բանակցություններ չկան, գնալով Ադրբեջանի դիրքորոշումը կոշտանում է: Մենք ասում ենք, որ պետք է քայլեր անել Արցախն ու Հայաստանը միավորելու համար:
Արցախում ապրում են հայեր, ոչ թե արցախցիներ. արցախցի, էս ձեւի ազգ չկա: Մենք հիմա պետք է քաղաքականություն ընտրեինք, որ բոլոր քայլերը նպաստեն Արցախի միավորմանը»,-ասաց նա:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանի եւ Արցախի քաղաքական համակարգերը չպետք է իրարից անկախ լինեն:
«Արցախում գործող քաղաքական կուսակցությունները պետք է իրենց համար գործընկեր կուսակացություններ գտնեն Հայաստանում եւ համագործակցեն Հայաստանյան քաղաքական ուժերի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության 174 հոգանոց ցուցակի եռյակում են Վարուժան Ավետիսյանը, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը:











