Մենք ապրում ենք XXI դարում, սակայն հանրապետությունում գյուղատնտեսությունը մնացել է IV դարի մակարդակի վրա: Նոյեմբերի 30-ին Արագածոտնի մարզի Թալինիի քաղաքային մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով առաջիկա ընտրություններում գլխավորում է համամասնական ցուցակը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Մարուքյանն իր ելույթը սկսեց գյուղատնտեսության խնդիրներից`ասելով, որ վերջերս դիտել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հեռուստատեսային բանավեճերը: «Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նրանք կտրված են ֆերմերների եւ գյուղացիների իրական խնդիրներից: Նրանք խոսում էին ինչ-որ բարդ ու անհասկանալի տերմիններ օգտագործելով, որոնք ոչ բոլորը կհասկանան: Նրանք խոսում էին կիրառական տնտեսագիտության մասին: Ով ընդհանրապես այստեղ դահլիճում գիտի, թե ինչ է կիրառական տնտեսագիտությունը»: Նրա խոսքով, տվյալ քննարկումների մասնակիցները ոչ մի պատկերացում չունեին քաղաքացիների իրական խնդիրների մասին:

Կուսակցության ղեկավարը նշեց, որ խոսքը հանրապետությունում տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման մասին է, մինչդեռ հանրապետության շատ մարզերում եւ գյուղերում չկա նույնիսկ տարրական ոռոգման համակարգ: «Հայաստանում դեռ քրիստոնեության ընդունման ժամանակներից մենք կարկուտի եւ անձրեւի խնդիրը լուծում ենք աղոթքով, թեեւ արդեն ապրում ենք 21-րդ դարում»,-ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով քվեարկել իրենց կուսակցությանը, քանի որ, ըստ նրա, միայն նրանք են պատշաճ կերպով ծանոթ բոլոր խնդիրներին: