Մենք ասում ենք՝ օրինականություն պետք է լինի, բայց արդյոք մենք մեր իմացած ամեն մի ապօրինության դեպքի արձագանքում ենք, թե՞ ասում ենք՝ մեր ի՞նչ գործն է, թող կառավարությունը զբաղվի, Նիկոլին դրել ենք, թող ոնց ուզում է զբաղվի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ շատ հաճախ մարդիկ խանութում առեւտուր անելուց հետո վաճառողին ասում են՝ պետք չի, ՀԴՄ մի խփի: «Բայց այդ ՀԴՄ-ն խփելով դու պաշտպանում ես օրինականությունը: Դու դրանով վճարում ես այն հարկը, որը գնում է զինվորի ուտելիքի, շորի վրա է ծախսվում, թոշակի ու ճանապարհ կառուցելու վրա է ծախսվում, ուսուցչի աշխատավարձի, երեխու ուսման վրա է ծախսվում: Սա շատ կարեւոր պահ է, որ մարդը կառավարությունից պահանջում է, որ թոշակը բարձրանա, բայց սուպերմարկետից չի պահանջում,որ ՀԴՄ-ն խփի: Բա կառավարությունը որտեղի՞ց թոշակ բարձրացնի:

Ես գիտեմ, որ այսօր կան փոքր խանութներ, որոնց համար այսօրվա հարկային բեռը շատ ծանր է: Ու մենք չենք ասում, ՀԴՄ-ն խփեք, բոլոր հարկերը, մինչեւ վերջին կոպեկը տվեք, մենք էլ մեր կողմից մեր քայլն ենք անում: Օրինակ մինչեւ 24 մլն դրամի շրջանառություն ունեցող բոլոր բիզնեսները Եղվարդում ազատվում են հարկերից: Բայց ՀԴՄ-ն պետք է բոլորը խփեն, որովհետեւ կարող է մեկն ունի 500 մլն դրամի շրջանառություն, բայց տարվա վերջում ցույց կտա 10 մլն ու ոչ մի հարկ չի վճարի»,-հայտարարեց նա: