Մինչեւ հիմա աշխարհը գլխի չի ընկել, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը. Հյուսիսում կասկածում են Արեւմուտքին, Արեւմուտքում կասկածում են Արեւելքին, Արեւելքում կասկածում են հարավին, Հարավում էլ՝ Հյուսիսին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ տեղի ունեցածն այնքան անհասկանալի է բոլորի համար, որ ասում են՝ էս ինչ դավադրություն էր: Այսօր գրում են՝ սա Սորոսի կազմակերպած հերթական հեղափոխությունն էր: Տո Սորոսը էնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք: Մենք թույլ չենք տվել եւ թույլ չենք տա, որ որեւէ օտար ուժ մտնի ու Հայաստանում հարց որոշի: Սա ազգային ու անձնական արժանապատվության խնդիր է: Մենք Հայաստանը պետք է դարձնեն առաջնորդող երկիր»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը՝ նշելով. «Այսօր ոմանք խոսում են արտաքին քաղաքականության մասին եւ իրենց պատկերացումը հետեւյալն է, որ արտաքին քաղաքականությունն այն է, որ գնում ես ուրիշին քծնում ես: Այսօր ՀՀ կառավարությունն ու իշխանությունը այնքան լեգիտիմ է եւ ժողովրդական մանդատ ունի, որ Հայաստանը կարող է ներկայացնել ամենատարբեր ատյաններում ուժեղ, հզոր ու արժանապատիվ»:











