Դեկտեմբերի 9-ին շատ կարեւոր բան է տեղի ունենալու եւ ոմանք գիտակցելով, թե ինչ է տեղի ունենալու փոխել են իրենց հռետորաբանությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղվարդ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են՝ դե պարզ է, «Իմ քայլը» դաշինքն արդեն հաղթել է, պայքարն էլ արդեն իմաստ չունի: Դա ասում են, որ ձեզ զրկեն մոտիվացիայից: Որ մի քիչ էլ անձրեւ լինի, ասեք՝ դե մեկ ա, հաղթած են, էլ ինչի գնանք ընտրատեղամաս:
Ուզում են ամեն ինչ անել, որ մասնակցությունը նվազի, որ հետո ասեն՝ վայ, տեսաք, քաղաքացիները հիասթափված են, չմասնակցեցին ընտրություններին: Ես ուզում եմ հույս հայտնել, որ եթե անգամ դեկտեմբերի 9-ին փոթորիկ լինի, դուք կգնաք տեղամասեր՝ կատարելու ձեր ընտրությունը: Դա ձեր ճանապարհն է դեպի երջանիկ Հայաստան»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:





























