Չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Ռուսաստան Մոսկվան դիտարկում է որպես մասնավոր ուղեւորություն: Ռուսաստանի արտգործնախարարությունում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին:

«Այս ուղեւորությունը չի կարող այլ կերպ, քան մասնավոր դիտարկվել: Նրա կարգավիճակն ակնհայտ է»-  ասաց Զախարովան:

Նա նկատեց, որ Սահակյանի այցը չի հակասում ՌԴ օրենսդրությանը, հենց այդ՝ մասնավոր այցի իմաստով, ոչ միջազգային համաձայնագրերին, ոչ էլ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում. «Ռուսական կողմի հասցեին արված բողոքները, որոնք արտահայտվել էին ադրբեջանական կողմի վերջին հայտարարության մեջ, մեր կարծիքով, անհիմն են»: