Պետք է գյուղատնտեսական վարկերի տոկոսները իջեցնել 1-2 տոկոսի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եղեգնաձորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավին հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ այն, որ հիմա բանկային տոկոսադրույքները նվազեցվել են մինչեւ 8-12 տոկոս, շատ քիչ է հաշվի առնելով երկրի սոցիալ–տնտեսական իրավիճակը։

Ծառուկյանը շեշտում է՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ պետք է ոչ թե աշխատատեղեր փակել, այլ հակառակը՝  պետք է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, որ մարդիկ ստիպված չլինեն արտագաղթել։

Անդրադառնալով առողջապահության խնդրին Ծառուկյանը շեշտեց՝ ամեն քաղաքում պետք է անվճար հիվանդանոց գործի, որտեղ քաղաքացիները կարողանան անվճար բժշկական օգնություն ստանալ, պետք է ավելացնել պետպատվերների մասնաբաժինը կամ ներդնել վաուչերների համակարգ։

Նա համոզված է՝ ժողովուրդը ԼՂ հարցը վաղուց կրագավորվել է. «Ղարաբաղի խնդիրը մեր ժողովուրդը վաղուց կարգավորել է, այդ հարցը ավարտված է, միայն մնում է միջազգային ճանաչում ունենա, որ Ղարաբաղի նախագահին ոչ թե մի քանի երկրներ ընդունեն, այլ ամբողջ աշխարհը ճանաչի ու ընդունի։ Դրա համար մենք պետք է ունենանք հզոր պետություն»։