«Առավոտ» օրաթերթն իր  խմբագրականում անդրադարձել է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրին, ըստ որի ԲՀԿ-ն 2013-ի նախագահական ընտրություններում պետք է սատարի գործող նախագահին: «Մոտակա երկու տարում «քաղաքական պայքարի» կոնֆիգուրացիան կլինի հետեւյալը՝ կամ իշխանության է մնում ներկայիս նախագահը, կամ նորից իշխանության է գալիս երկրորդ նախագահը, կամ դարձյալ իշխանության գլուխ է անցնում առաջին նախագահը։ Այլ տարբերակ, կարծես թե, չի քննարկվում։ Պատկերը բավականին մռայլ է, քանի որ ստացվում է, որ բացի այս երեք հոգուց, հայ ժողովրդի արգանդը 20 տարում ոչ մի նախագահացու չի ծնել։

Ընդ որում, նախկին նախագահներն այնպիսի համոզվածությամբ են հիմնավորում իրենց առավելությունները, կարծես թե մենք նրանց ժամանակ չենք ապրել։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր ժամանակ ամեն ինչ «կայֆ էր», որովհետեւ կար երկնիշ տնտեսական աճ, եւ ժողովուրդն ամեն օր օրհնում էր նրան այդ աճի համար։ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է, որ իր ժամանակ «ավելի կայֆ էր», քանի որ կոռուպցիա չկար, եւ ընտրություններն արդար էին անցնում։ Գումարենք դրան, որ կոմունիստներն ընդհանրապես իրենց ժամանակվա մի դրախտային պատկեր են ներկայացնում, բայց, բարեբախտաբար, գոնե նրանք վերադարձի լուրջ հայտ չեն ներկայացնում՝ փող չունեն։ Կհայտնվի՞ որեւէ լիդեր, որը կխոսի ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,-գրում է թերթը։