Մենք չենք առաջարկում ԵՏՄ-ից, ՀԱՊԿ-ից հենց հիմա դուրս գալ, ոչ էլ առաջարկում ենք հենց հիմա Ղարաբաղի հարցը լուծել: Այս մասին այսօր՝ նայեմբերի 30-ին, Երեւանում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Մենք առաջարկում ենք հենց հիմա կոնկրետ քայլերով կամաց-կամաց գնալ դեպի նոր միջավայր, որովհետեւ եթե համակարգային փոփոխություն ենք ուզում, նաեւ արտաքին քաղաքականության որակը պետք է փոխենք: Եթե ուզում ենք, որ եվրոպացին գա էստեղ ներդրում անի, որտեղ երկու սահմանները փակ են, երրորդ երկրի սահմանը անձրեւից փակվում է, 4-րդի համեմատ պատժամիջոցներ են կիրառում, մենք պետք է համապատասխան հետեւություններ անենք, մենք պետք է հետաքրքիր դառնանք»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանում շատերը կարծում են, որ մենք առանց Ռուսաստանի կյանք չունենք. «Այնքան, որքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան մենք ենք իրեն պետք: Եթե ասում ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել, դա չի նշանակում, որ հենց այսօր պետք է խզել պայմանագիրը ԵՏՄ-ի հետ: Բայց ԵՏՄ-ում բարձրորակ ապրանք չկա, ներդրում անող չկա: Մենք պետք է շատ բարձրորակ ապրանք ստեղծենք ու թանկ վաճառենք:

Մենք ասում ենք, որ մեր զարգացման ուղին եվրոպական, արեւմտյան  արժեքներին համարժեք պետություն ձեւավորելն է: Ասում ենք, որ ներդրումներ կան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Բելառուսն ու Ռուսաստանը ներդրումների հնարավորություն չունեն: Առավել եւս Ռուսաստանը հակված էլ չի Հայաստանում ներդրումներ անել: Ռուսաստանը «գույք պարտքի դիմաց» վերցնում է այն, ինչ արժեք ունի, վերցնում է գազամուղները, էներգետիկ համակարգը: Եթե ուզում ենք ներդրումներ ունենալ, պետք է ստորագրենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Սա շատ պարզ է, փողն այնտեղ է»,-հայտարարեց «Մենք»-ի առաջնորդը: