Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին փետրվարի 17-ին  վթարվել է հարակից  «Նովոսելցովո» ջրատար խողովակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ տրամաչափի «Նովոսելցովո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60 տոկոսը եւ հարակից 13 գյուղերը: Վթարի հետեւանքով ավտոճանապարհը լցվել է խճաքարերով եւ  դարձել  դժվարանցանելի:

«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից դադարեցվել է ջրամատակարարումը եւ մինչ ժամը 22.30-ը կատարվել են վթարա-վերականգնողական եւ ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 18-ի առավոտյան: