Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց, մինչ օրս վագոններ են մնացել, որտեղ մարդիկ շարունակում են ապրել։ Այդ մասին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում նոյեմբերի 30-ին ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով գլխավորում է դրա համամասնական ցուցակը առաջիկա ընտրություններում՝ տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Նրա խոսքերով այդ վագոնները հիմնականում Գյումրիում եւ Վանաձորում կարելի է տեսնել, ինչն, ըստ էության, խայտառակություն է Հայաստանի նախկին իշխանության համար։ «Մեր երկրում, տարբեր գնահատականների համաձայն, երկուսից մինչեւ չորս հազար մարդ դեռեւս անտուն է։ Նրանց վերաբնակեցման համար, նախօրոք արված հաշվարկներով, ընդամենը 30 միլիոն դոլար է պահանջվում»,- պարզաբանել է Մարուքյանը։
Ընդ որում, պատգամավորը բացատրեց, որ բնակչության վերաբնակեցման համար միջոցներ կարելի է ձեռք բերել տարբեր ճանապարհներով՝ զբոսաշրջության զարգացմամբ, անօրինական յուրացված միջոցները վերադարձնելով եւ այլն։
Իր հերթին, «Լուսավոր Հայաստան»կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, ով նույնպես իր թեկնածությունն առաջադրել է համամասնական ցուցակով, նշել է, որ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, եւ մնացած մարզերից 44 տոկոսով առաջ է անցնում։
«Այդ իմաստով Շիրակի մարզը ռեկորդ է սահմանել մեր առանց այդ էլ աղքատ պետության բոլոր մարզերի մեջ»,- ընդգծել է Թանդիլյանը՝ հավելելով, որ չնայած դրան՝ իրենց կուսակցությունը այդ խնդրի լուծման իր մոտեցումներն ունի։
Թանդիլյանը խոստացել է, որ եթե իրենց քաղաքական ուժին հաջողվի անցնել խորհրդարան, նրանք հանդես կգան Շիրակի օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու առաջարկությամբ։ Դրա հետ մեկտեղ, նա խոստացել է մարզի խնդիրները բարձրացնել Ազգային ժողովում։



























