Նախընտրական քարոզարշավի լուսաբանման ընթացքում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խախտում է հավասարության սկզբունքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30–ին լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Հանրային հեռուստաընկերությունը բանավեճի է հրավիրում նույն քաղաքական ուժերին։ Կարծես թե ինքը որոշել է, թե ովքեր պետք է լինեն Ազգային ժողովում։ Ընտրում է չորս քաղաքական ուժի և հրավիրում բանավեճի, ինչը կարծում եմ հավասարության սկզբունքի խախատում է»,– ասաց նա։

Զեյնալյանը նշեց, որ իրենց դաշինքը հույսը դրել է միայն ժողովրդի վրա։ Ծրագրային առանցքային դրույթներից Զեյնալյանն առանձնացրեց ՀՀ ԶՈՒ–ն ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելը և ԵԱՏՄ–ից դուրս գալը։

«Մենք համարում ենք, որ պետք է Հայաստանի զինված ուժերը համապատասխանեցնենք ՆԱՏՕ–ի չափանիշներին, և Հայաստանը պետք է մտնի Եվրոպայի միութան կազմ։ Իհարկե դա հնարավոր չէ իրականացնել առանց Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու»,– ասաց նա՝ անհրաժեշտ համարելով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը։

Հիշեցնենք, որ «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երկրորդը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, երրորդը նույն կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, իսկ չորրորդը՝ Արտակ Զեյնալյանը։