«Սասնա ծռեր»-ը այն ուժն  է, որը կանգնելով իշխանության կողքին, կարող է ոչ ասել շատ հարցերում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

«Առջեւում Արցախի հարցի վերաբերյալ զարգացումներ են սպասվում, եւ այստեղ պետք է լինելու բավական կոշտ ուժ, որը կանգնած լինելով իշխանության կողքին, կարողանա ոչ ասել շատ հարցերում։ Ակնհայտ է չէ, որ իշխանությունը չի կարող կոշտ լինել հենց էն պատճառով, որ իշխանություն է եւ էդ միջազգային հանրությանը ոչ ասողը վստահաբար լինելու է «Սասնա ծռերը»։

Սա շատ կարեւոր է, ցանկացած պետության մեջ տեղի է ունենում քաղաքական դերերի վերաբաշխում եւ «Սասնա ծռերը», որպես ազգային ուժ, ունեն իրենց քաղաքական դերը»,- ասաց նա։

Պապյանի կարծիքով՝ պետության  համար առաջնայինը անվտանգությունն է, ինչից հետո հնարավորություն կլինի ապահովել նաեւ բարեկեցությունը։

«Այդ ուղղությամբ մտածեք, որովհետեւ շատ կարեւոր է, ճիշտ է բարեկեցությունը լավ բան է, բայց անվտանգությունն առաջին հերթին։ Այն պետությունը, որը չի կարող ապահովել իր անվտանգությունը, կկորցնի եւ բարեկեցությունը եւ  ժողովրդավարությունը եւ ամեն ինչ։ Իսկ անվտանգության հարցով, վստահաբար, «Սասնա ծռերը» առաջնային դերակատարություն ունեն»,- հավելեց նա։