«Իմ քայլը» դաշինքի ծրագրային կարեւոր կետերից է կրթակության ապահովումը սկսած 4 տարեկանից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Մեղրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ծրագրային կարեւոր դրույթներից մեկն այն է, որ մենք պետք է 4 տարեկանից սկսած երեխաներին ընդգրկել կրթական համակարգ՝ նախակրթարան, մանկապարտեզներով եւ այդպես շարունակ։ Մյուս տարվանից Մեղրիում մենք այդ ծրագիրն ավելի խորքային ձեւով կիրականացնենք, խոսքը՝ Մեղրի մանկապարտեզի հիմնանորոգման մասին է։ Այն իրականացվելու է «Իմ քայլը» հիմնադրամի օժանդակությամբ»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ հանրությունը չպետք է հանդուրժի անորակ կրթությունը, եւ պետք է փոխի իր վերաբերմունքը կրթության նկատմամբ։
«Մենք որպես հանրություն չպետք է հանդուրժենք անորակ կրթությունը, չհանդուրժենք անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում, քանի որ անորակ մասնագետները կոտրում են որակյալ մասնագետներին։ Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Եւ մենք պետք է մեր երեխաներին ապահովենք այնպիսի կրթությամբ, որ նա հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենա։ Մենք պետք է բարձրացնենք մեր ուսուցիչների մակարդակը, մեր ուսուցիչների վարձատրության մակարդակը, բայց մենք իրավունք չունենք կոմպրոմիսների գնալ ինքներս մեզ հետ, որովհետեւ այն ինչ տեղի է ունենում դպրոցում կանխորոշում է, ոչ էսօր։ Դե գիտես ինչ երեխա է, բամբոներկան վերցրու, 5-ը դիր, էնքան որ դիպլոմ լինի, մեջը գրած լինի, կտանենք Երեւան մի կոոպերատիվ, մեկ ա բոլորը խնդրում են ուսանող լինի։ Հետո չենք մտածում՝ էդ երեխեն դարձավ 20-25 տարեկան, ինչ է անելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց, որ իրենց ռազմավարությունն այն է, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մարդն է․ «Եւ մեր ամբողջ ռազմավարությունը պետք է ուղղված լինի 2 բանի՝ ա) մարդը լինի պատշաճ մակարդակի կրթված, մենք մեր երեխաների առաջ պետք է խնդիր դնենք, որ իրենք 20 տարեկանում առնվազն 3 լեզու պետք է իմանան, եւ բ) մարդը պետք է լինի առողջ»։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Այսօր նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է։





























