«Մենք» դաշինքի ղեկավարները՝ Արտակ Զեյնալյանը, Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը նոյեմբերի 30-ին քարոզարշավի շրջանակներում իրենց թիմի հետ միասին այցելեցին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրանք մասնավորապես այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական համալիր եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մասնակցեցին ժամերգությանը:
Այնուհետեւ նախընտրական քարոզարշավի մասնակիցները շրջեցին քաղաքով, շփվեցին բնակիչների հետ, քաղաքացիներին թռուցիկներ բաժանեցին:
Մեկնաբանելով նախընտրական քարոզարշավը՝ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դպրոցների մոտ փակցված ՀՀԿ-ի սեւ եւ սպիտակ քարոզչական պաստառները պետք է թաքցնել երեխաների աչքերից, քանի որ դրանք կարող են նրանց վախեցնել:
«Դրանցից հաջող է ստացվել միայն Արփինե Հովհաննիսյանի նկարը, ինչը տարօրինակ չէ, նա գեղեցիկ կին է», - կատակեց Սարգսյանը:




























