29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին,  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարոհւ Փոստանջյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մասնավորապես` որոշումը սահմանում է.

Քաղաքական, տնտեսական եւ մշակութային կառուցվածքների իրական միաձուլմանն ուղղված պարտավորությունների իրագործում` նպատակ ունենալով ստեղծելու միասնական պետական-քաղաքական համակարգ:

Ամրագրում է, որ Արցախահայության վրա տարածվում են ՀՀ քաղաքացիության իրավունքները:

Այս իրավական ակտի հիման վրա Արցախահայությունը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների քանակը` ըստ վարչական շրջանների եւ մարզերի: ՀՀ ԿԸՀ-ն Արցախում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող զինվորականների համար ընտրական իրավունքի իրացումը  երաշխավորել է: Նրանք հատուկ ցուցակներով եւ նախատեսված ըտրատեղամասերում կարող են մասնակցել  ընտրություններին, իսկ զինվորական ծառայության մեջ չգտնվող Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից: 

Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության հիմքում ընկած է հայ ազգի տարբեր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հարցը: Առանց Արցախահայության մասնակցության` դեկտեմբերի 9-ի ընտրությունները եւս արձանագրելու են անարդարություն եւ անհավասարություն: