Ավանդների վերադարձը չպետք է լինի սոցիալական ծրագիր, այլ լինի վերադարձ, որ եթե մարդը մահանում է, ժառանգը ստանա, ոչ թե սոցիալական ծրագիր է, ու եթե մարդը մահացավ, ժառանգին չի հասնում: Այս մասին Սպիտակում նախընտրական քարոզչության շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, բացի դրանից, պետությունը մարդկանց պետք է ինչ-որ փաստաթուղթ տա, ժողովրդի լեզվով ասա, «բարաթ», որ եթե մարդիկ հերթում սպասեն ու չհասցնեն ստանան իրենց ավանդները, որ ժառանգները ստանան. «Որ մարդիկ հանգիստ լինեն, որ եթե իրենք էլ չեն ստանում, գոնե ժառանգները կստանան: Սա է «Լուսավոր Հայաստանի» ծրագիրը»,-ասաց նա:
Անդրադառնալով աղետի գոտուն, Մարուքյանն ասաց, որ եթե երկրում թալան չլիներ, աղետի գոտի չէր լինի այլեւս եւ մարդիկ կապրեին բնակարաններում. «Հիմա երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, այդ թալանված գումարները պետք է հետ վերադարձվի բյուջե: Այդ գումարները ոնց էլ բյուջեով ծախսվի, չի երեւալու: Բայց եթե այդ գումարներն ուղղենք աղետի գոտու խնդրի լուծմանը, մենք կարող ենք արձանագրել, որ կա թալան, կա աղետի գոտի, չկա թալան, չկա աղետի գոտի: Ի դեպ, պետք չի նոր շենքեր կառուցել, պետք է երկրորդային շուկային գնել բնակարաններ տալ մարդկանց, տնակները հանել: Այս առաջարկը մենք խորհրդարանում ներկայացնելու ենք իշխանություններին»:
Նշենք, որ «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավին մասնակցում են կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի ռեյտինգային թեկնածուները։





























