ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ականազերծման աշխատանքներից ոգեշնչվելով` նոր ականազերծման կոմիտե է բացվել` հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջը:

Կոնգրեսի պատգամավոր Դեյվիդ Վալադաոն, նշելով Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հետ Արցախի տարածքի ականզերծման ուղղությամբ իր համատեղ աշխատանքի եւ դրանից ոգեշնչվելու մասին, հայտնել է Կոնգրեսի պատգամավոր, Հայկական խմբակցության համաղեկավար հայազգի Ջեքի Սպիյերի հետ նոր` Կոնգրեսի չպայթեցրած զինամթերքի երկկուսակցական խմբակցություն բացելու մասին:

Նոր երկկուսակցական խմբակցության բացման մասին Վալարադոն այս շաբաթ Կապիտոլ Հիլում ասել է, որ HALO Trust կազմակերպության կողմից Արցախում տարվող չպայթած զինամթերքի ականազերծման աշխատանքների մասին առաջին անգամ իմացել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի միջոցով: Նա նշել է, որ Հայ դատի հանձնախմբի հետ համատեղ աշխատել է 2017-ին «Վալադաոյի օրենսդրական փոփոխություններ» փաթեթի ընդունման ուղղությամբ, որի շնոհիվ ապահովվել են Կոնգրեսի կողմից հատկացումները, որոնցով էլ Արցախն ամբողջովին ականազերծված կլինի մինչեւ 2020 թվականը:

2017-ին, Հայ դատի հանձնախմբի հետ աշխատելով, Վալադաոն վերջին 10 տարիների առաջին կոնգրեսականը դարձավ, ով այցելեց Արցախ, որտեղ էլ անձամբ ծանոթացավ Halo Trust-ի ականազերծման աշխատանքներին:

Հայկական խմբակցության համաղեկավար Սպիյերը, հայտարարելով Կոնգրեսի նոր, ականազերծման խմբակցության սեղծման մասին, խոսել է ականազերծման կարեւորության մասին` ընդգծելով, որ իրենք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հակամարտության գոտիների խաղաղ բնակիչները հակամարտության կարգավորուից տասնամյակներ անց դեռ չտառապեն հակամարտության ընթացքում կողմերի գործողությունների հետեւանքներից:

Հայ դատի հանձնախմբի նախագահ Հայկ Համբարյանը երախտիքի խոսք է հայտնել պատգամավոր Վալադաոյին` Արցախոմ եւ այլուր ականազերծմանն ուղղված իր աջակցության համար` նշելով, որ հպարտ է, որ Կոնգրեսում ականազերծման խմբակցության հիմնադիրները նաեւ Հայկական խմբակցության համաղեկավարներն են:

Նոր խմբակցությունը համաշխարհային շահեր է հետապնդում, քանի որ ԱՄՆ-ի կողմից 1993-ից ի վեր ավելի քան 100 երկրներում ականազերծման ծրագրեր են ներդրվել: Այժմ ԱՄՆ-ն նմանատիպ աշխատանքեր է իրականացնում ավելի քան 40 երկրներում, որոնց թվում են Հայաստանը, Աֆղանստանը, Անգոլան, Կամբոջան, Կոլումբիան, Իրաքը, Կոսովոն, Լաոսը, Շրի Լանկան, Սիրիան եւ Ուկրաինան: Խմբակցությանն աջակցում են The Halo Trust-ը եւ Mines Advisory Group America հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատվական կազմակերպությունը: