Այսօր անձրեւային եղանակ է, այդ պատճառով քիչ են մարդիկ։ «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը այսպես մեկնաբանեց իրենց քարոզարշավի սակավամարդ լինելը։
«Այսօր անձրեւային եղանակ է, այդ պատճառով քիչ են մարդիկ: Ինչպես նաեւ շաբաթ օր է, ոչ աշխատանքային, մարդիկ հանգստանում են: Բայց մեր կուսակցությունը հետաքրքրություն է առաջացնում, մարդիկ գալիս են իրենց հետաքրքրող հարցերն ուղղում: Սա նշանակում է «Սասնա ծռերի» հանդեպ հետաքրքրություն կա: Իսկ վստահությունն առաջանում է, երբ մարդիկ մոտենում են, հարցերն ուղղում, ստանում պատասխաններն ու բավարարվում: Այս ամենին գումարած, մարդիկ մեզ ճանաչելու խնդիր չունեն. «Սասնա Ծռեր» ասում ես եւ անմիջապես հասկանում են՝ ովքեր ենք մենք: Փողոցներով անցնելիս մեքենաները «սիգնալ» են տալիս, նշանակում է՝ որոշակի տեղեկացվածություն ունեն մեր մասին: Այնպես որ՝ գոհ ենք այս հանդիպումներից»,- Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Գարեգին Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանը համոզված է, որ իրենք լինելու են ապագա խորհրդարանում, սակայն խնդիրն այն է, թե ինչ քանակով կլինեն խորհրդարանում:
«Քանի որ թավշյա հեղափոխությունը սկսվել է եւ չի ավարտվել, սա ինչ-որ շատ կարեւոր փուլ է եւ մենք գտնվում ենք այդ փուլում: Մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի որ նախկին ռեժիմը, օլիգարխիան չլինի խորհրդարանում, չկարողանա սողոսկի խորհրդարան, ի դեմս Մարտի 1-ի կոալիցիայի կուսակցությունների: Սերժ Սարգսյանի միահեծան իշխանությունը, չարիքը դեռ լիարժեք չի ոչնչացվել եւ շատ կարեւոր է, որ ժողովուրդը կանխի նրանց մուտքը խորհրդարան»,- ասաց նա:





























