ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ասաց Թալինում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ նշելով, որ ՕԵԿ-ի շնորհիվ բազմաթիվ լուսավոր գաղափարներ են իրականացվել.
«Մեր շնորհիվ Հայաստանում իրենց ավանդները ստացան 212 հազար մարդ, մեր շնորհիվ ծնվող երեխան պետությունից ստանում է գումար, ՕԵԿ ջանքերով մեր երկրում 250 օրենքներ են ընդունվել: Մենք աջակցելով հեղափոխությանը, կողմնակից ենք, որ մարդկանց կյանքում լինի հեղափոխություն, որ մարդը կարողանա իր աշխատանքով ապահովել իր արժանապատիվ գոյությունը: Մենք համոզված ենք, որ Հայաստանը հնարավոր է զարգացնել փորձառու, կրթված, գրագետ մարդկանցով»,- ասաց նա:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ մարզային խնդիրների վերաբերյալ ՕԵԿ-ն ունի իր մոտեցումները: Արթուր Բաղդասարյանի դիտարկմամբ իրենք մեծ ուշադրություն են դարձնում հատկապես գյուղական համայնքների հիմնախնդիրներին:
ՕԵԿ նախագահը առաջարկում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրության քաղաքակիրթ համակարգ. «Գյուղացին պետք է զգա պետության հոգածությունը: Սեփականության իրավունքով հողատարածք ունեցող անձանց աշխատանքը պետք է համարվի աշխատանքային ստաժ: Սա է մեր մոտեցումը: Այս գաղափարը թույլ կտա նաև յուրաքանչյուր տարի ինդեքսավորել և բարձրացնել մարդկանց կենսաթոշակը»,-ասաց ՕԵԿ ղեկավարը:





























