Իշխանությունը միշտ բոլոր ընտրություններում առավելություններ ունի, իսկ մենք, որպես ՀՅԴ, պետք է փորձենք առավելագույն ձայներ ստանալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր խաչատրյանը:
Նրա խոսքով, ՀՅԴ-ն ամենամեծ պատմություն ունեցող կուսակցությունն է, որն ունեցել է եւ լավ ժամանակներ, եւ վատ ժամանակներ. «Մենք նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում տեսել ենք, որ կոմունիստների մեծ մասը դարձավ ՀՀՇ-ական, հետո ՀՀՇ-ականների մեծ մասը դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ տեսնում ենք, թե ինչպես ես Հանրապետականները հերթով իրենց հավատարմությունը հայտնում «ժողովրդին» ու նոր իշխանություններին:
Բարձր էմոցիոնալ ֆոն է՝ պայմանավորված հեղափոխությամբ: Մենք ունենք մեր գաղափարախոսությունը, մեր մոտեցումները: Միշտ հավատարիմ ենք եղել մեր մոտեցումներին, ուղղակի փորձում ենք ընտրարշավը հնարովորինս տանել դեպի ավելի քաղաքական հարթություն, ծրագրային հարթություն: Փորձում ենք հայհոյանքներից զերծ մնալ, երբ երկու կողմ իրար հայհոյում են եւ ընտրությունը փորձում են տանել սեւ ու սպիտակի հարթություն: Կարծես երկու կողմն էլ խաղի այդ կանոններն ընդունել են: Մենք ուզում ենք ցույց տալ, որ մեր ներկապնակը բավական հարուստ է, որտեղ կան տարբեր գույներ, տարբերվող գաղափարներ»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի մոտեցումներն էապես տարբերվում են թե նախորդ, թե ներկա ղեկավարությունից. «Եթե նայեք ներկա ու նախկին իշխանությունների տնտեսական քաղաքականությունը, կտեսնեք, որ շատ տարբերություններ չկան: Երկուսն էլ ազատական գաղափարախոսության կողմնակիցներ են, որը հիմնվում է հնարավորինս շատ մասնավորեցման եւ հնարավորինս ավելի շատ մասնավորի վրա հույս դնելու վրա: Ես մի առիթով ասել էի, որ շատ դժվար է աջ կառավարությունում լինել ձախ նախարար: Մենք հանդես ենք գալիս սոցիալիստական, սոցիալ դեմոկրատիայի տեսանկյունից: Մենք դիտարկում ենք, որ արդար բաշխումը նույնքան կարեւոր է, որքան տնտեսական աճի ապահովումը:
Մենք խոսում ենք պետության կարեւոր դերի մասին, մենք ասում ենք՝ պետությունը չի կարող իր ձեռքերը լվանալ եւ ասել՝ շուկան ամեն ինչ կկարգավորի»,-հայտարարեց դաշնակացական գործիչը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականության մեջ իրենք հանդես ենք գալիս պետականության ամրապնդման, ազգային արմատների, ավանդական ու ազգային արժեքների կողմից. «Արցախի մասին ասել ենք, որ լղոզված սահմանումը մեզ համար ընդունելի չէ: Մենք ասում ենք, որ չկա Արցախի հարց, կա Հայաստանի մի հատվածի հարց: Մենք միշտ տարբերվել ենք մյուս ուժերից եւ շարունակելու ենք տարբերվել»:





























