«Սյունիք ֆուդի» համար կառավարությունը ներդրող է գտել եւ այն վերաբացվել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Գորիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
««Սյունիք ֆուդ» ընկերությունը փակված էր եւ կանգնած էր եւ, ըստ էության, կանգնած էր նոր ներդրում կատարելու առաջ։ Մենք դրանից հետո կարողացանք գտնել նոր ներդրող, որպեսզի կարողանա ներդրում կատարել «Սյունիք ֆուդ»-ում, բնականաբար անկախ, իշխանության հետ կապ չունեցող եւ ես ուրախ եմ, որ այդ ներդրումը բարեհաջող տեղի է ունեցել։ «Սյունքի ֆուդ» ընկերությունն աշխատում է 70 աշխատատեղով։ Նրանք խոստանում են, որ հաջորդ սեզոնին կսկսեն աշխատել 250 աշխատատեղով»,-ասց Նիկոլ Փաշինյանը։
Մյուս խնդիրը Սյունիքի մարզում, ըստ Փաշինյանի, բրդի մթերման խնդիրն է, որը լուծվել է։
«Ասում էին, որ համատարած մարդիկ բուրդը թափում էին, դրանից հետո իմ հանձնարարությամբ, կառավարության անդամներն ուսումնասիրեցին եւ պարզեցին, որ ՌԴ-ում մեր հայրենակիցներից մեկը ունի վալենկաների արտադրություն եւ մենք հիմա բանակցում ենք, եւ մեր հայրենակիցը հակված է նրան, որ թաղիքի արտադրությունը տեղափոխի Հայաստան եւ մասնավորապես Գորիս քաղաք։ Դա կնշանակի, որ տեղում կլինեն որոշակի աշխատատեղեր եւ բացի այդ աբավական մեծ քանակությամբ բուրդ կմթերվի Հայաստանի քաղաքացիներից»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հավելեց, որ քաղաքացիներին հնարավորություններ տալու համար կատարվում են հարկային բարեփոխումներ եւ մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսին նախատեսվում է ընդհանրապես ազատել հարկերից։





























