Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շատ դրական է վերաբերում այն փաստին, որ եկեղեցին ներկայացուցիչ պետք է ունենա գյուղնախարարությունում: Հիշեցնենք, որ վերջերս նա հանդիպել է   Գարեգին Բ կաթողիկոսի հետ եւ նման պայմանավորվածություն ձեռք բերել:

Այսօր փետրվարի 18-ին  հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է պատկերացնում Սերգո Կարապետյանը եկեղեցու գյուղնախարարության համագործակցությունը:  Նախարարը բավականին զարմացած հակադարձել է.

«Բայց դրա մեջ ի՞նչ վատ բան եք տեսնում: Ոչ մի նպատակ էլ չկա,  ուրեմն ես ձեզ ասեմ գյուղատնտեսության հաջողությունների մեծամասնությունը կախված է Աստծո բարեհաճությունից:  Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, մարդիկ հենց կարկուտը գալիս ա, ասում են Աստված ջան, կարկուտը թող չգա, չե՞ք լսել, էդ ասել են  մեր պապերը, տատերը: Ես վատ բան չեմ տեսնում»,-իր մեկնաբանությունից հետո Սերգո Կարապետյանը  ոգեւորված հավելել է, թե  այսուհետ բոլորի հետ են համագործակցելու, որպեսզի աշխատանքները արդյունավետ լինեն:

Լրագրողի դիտարկմանը, թե հակասահմանադրական է եկեղեցու միջամտությունը պետության գործերին, գյուղնախարարը հակադարձել է. «Իսկ ո՞վ է ասում, որ միջամտում է»: Այսինքն՝ նախարարը եկեղեցու ներկայացուցչի մասնակցությունը գյուղանախարարության աշխատանքներին, դեռ չի նշանակում միջամտություն: