Հայաստանում մոնոպոլիան դեռևս չի վերացել: Այս մասին դեկտեմբերի 2-ին Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ նրա՝ ապրիլ-մայիսին տեղի է ունեցել կարևոր իրադարձություն, սակայն անհրաժեշտ է սկսածն ավարտին հասցնել:

«Ստվերային տնտեսությունը դեռևս նույն մակարդակի վրա է, ինչ նախկինում էր, որի արդյունքում պետական բյուջեն չի համալրվում հարկերի տեսքով ստացվող մոտ 1մլրդ դոլարով»,-նշել է նա:

Պատգամավորի թեկնածուն հավելել է, որ դեռևս պահպանվում է շաքարավազի, բենզինի, դիզելային վառելիքի ներկրման մենաշնորհը:

«Մինչև այդ ոլորտի ազատականացում տեղի չունենա, անհնար է խոսել  նոր աշխատատեղերի ստեղծման և տնտեսության վերակենդանացման մասին»,-ընդգծել է Խաչատուր Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: