Գիտության ֆինանսավորման ցածր մակարդակի դեպքում անհնար է խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին: Այս մասին դեկտեմբերի 2-ին Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ անհնար է ակնկալել տնտեսության և զբաղվածության ոլորտում լուրջ տեղաշարժեր միայն բարձր տեխնոլոգիաների զարգացման միջոցով:

«Տնտեսության զարգացման և զբաղվածության խնդրի լուծման համար անհրաժեշտ է ունենալ հզոր արդյունաբերություն: Միայն բարձր տեխնոլոգիաների զարգացումը չի կարող ներգրավել հանրության լայն մասսաներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին խոսում էին նաև նախկին իշխանությունները, սակայն, ինչպես նախկինում, այսօր դեռևս պահպանվում է գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը»,-նշել է նա:

Արամ Սարգսյանը հավելել է, որ գիտության ֆինանսավորումը կազմում է երկրի ՀՆԱ-ի 2.8%-ը, ինչը տարածաշրջանի երկրների ամենավատ ցուցանիշն է:

Պատգամավորի թեկնածուն նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ զգալի տեղաշարժեր գրանցելու համար անհրաժեշտ է ընդլայնել Արևմուտքի, մասնավորապես Եվրամիության հետ համագործակցությունը:

«Այսօր ԵԱՏՄ երկրներն իրենք ունեն ներդրումների կարիք: Եթե մենք ակնկալում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում լուրջ տեղաշարժեր, ապա անհրաժեշտ է ստորագրել Եվրամիության հետ համապարփակ տնտեսական և առևտրային համաձայագիր և ձգտել արևմտյան ներդրումների ներգրավմանը»,-ընդգծել է Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: