Հայաստանից նվազում է հանքարդյունաբերական ապրանքների արտահանումը եւ դրա պատճառն այն է, որ Թեղուտի հանքավայրը չի աշխատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը բանակցություններ է վարում, ջանքեր է գործադրում, որպեսզի Թեղուտի շահագործումը սկսվի։ Բայց մենք հայտարարել ենք նաեւ, որ մեր գործունեության հիմքում դրված է նաեւ էկո-Հայաստանի հայեցակարգը, կանաչ Հայաստանի հայեցակարգը։ Սա մեզ համար շատ կարեւոր է, բայց սա չի նշանակում, որ մենք Հայաստանում բացառում ենք հանքարդյունաբերությունը։ Մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով։ Եւ այն խնդիրներին, որոնց մենք առնչվում ենք, ամենաբարդը Ամուլսարի խնդիրն է»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինքն այսօր էլ չունի վերջնական տեղեկություն, որի հիման վրա վերջնական որոշում կկայցնեին Ամուլսարի հարցով. «Հարցերի հարցը մեզ համար հետեւյալն է, արդյոք Ամուլսարի շահագործումը սպառնալիք կրում է Ջերմուկի ջրային համակարգի համար եւ Սեւանա լճի համար»։
Փաշինյանը նշեց, որ Քննչական կոմիտեում այժմ հարուցվել է քրեական գործ կապված Ամուլսարի շահագործման հետ եւ այդ գործի նպատակն է պարզել, թե շրջակա միջավայրի վրա ինչ ազդեցություն է թողնում հանքի շահագործումը։
«Քրեական գործի շրջանակներում նշանակված է փորձաքննություն եւ մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու, կամ գուցե արդեն հայտարարել է դատախազությունը, կամ բնապահպանության նախարարությունը, եւ մեր բյուջեից գումար չենք խնայելու, որ համաշխահային ամենաբարձր մակարդակի ընկերությունն իրականացնի քրեական գործով այդ փորձաքննությունը․ մեզ համար շատ կարեւոր է, որ փորձաքննության արդյունքները լինեն վստահելի»,– նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ փորձաքննությունից հետո արդյունքները նորից կքննարկի ջերմուկցիների հետ։











