«Սասնա ծռերը» ինչո՞ւ են հորդորում իրենց ձայն տալ․ այսօր,  դեկտեմբերի 2-ին, Պեմզաշենում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հարցը պարզաբանեց կուսակցության ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։

«Եթե ուշադիր նայենք ընտրություններին մասնակցող ուժերին, կտեսնենք հետևյալ պատկերը․ կան ուժեր, որ նման են Փաշինյանի ուժին և նրա հետ են, ուժեր, որ նախկինում էլ, հիմա էլ լղոզված են և միշտ լինելու են իշխանության հետ, իշխանության դաշտում, ուժեր, որ մեր ժողովրդի դեմ ոճիր են գործել, և մարտի 1-ին կոալիցիա են կազմել մեր ժողովրդի դեմ․ կան նաև նոր կուսակցություններ, որոնց թվում միայն մենք ենք, որ կայացած, ամուր, ուժեղ  քաղաքական ուժ ենք, մնացածը դեռ նոր են ձևավորվում և չեն կարող իրենց դրսևորել անհրաժեշտ չափով և բովանդակությամբ։ Եվ միակ սկզբունքային, մաքուր քաղաքական ուժը մնում է «Սասնա ծռերը», որ կարող է դառնալ երկրորդ բևեռ, ինչպես մարդուն է պետք՝ զույգ ոտք առաջ շարժվելու համար, այնպես էլ պետությանը, նրա քաղաքական համակարգին է պետք երկու հենարան, որպեսզի կարողանա ամուր լինել և առաջ շարժվել․ այդ երկրորդ ուժը միայն մենք կարող ենք դառնալ և միայն մեզ ընտրելու դեպքում մեր պետությունը կունենա երկու ոտք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նա նաև բացատրեց, թե ինչու են ծրագրում երկրորդ արտահերթ, ըստ նրա՝ ընտրությունները կարող են լինել ազնիվ, բայց այս սահմանադրությամբ և նախկին իշխանությունը ներկայացնող ուժերի մասնակցությամբ չեն կարող լինել արդար, և կձևավորվի մի խորհրդարան, որը իր կարողություններով չի համապատասխանի այն մարտահրավերներին, որ ծառացած են մեր առաջ․ «Այդ պատճառով այս խորհրդարանը մենք պատկերացնում ենք որպես երկու տարվա կյանք ունեցող անցումային խորհրդարան»,- հայտարարեց նա։