Արենի համայնքում շատ կարեւոր ներդրում է կատարվում, «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հյուրանոցի բացումը Արենիում անելու է տնտեսական հեղափոխություն։ Ես ուզում եմ ասել՝ այն, որ այդ հյունաոցային համալիրը կառուցվում է հենց Արենի գյուղում, Արենի գյուղի եւ շրջակա գյուղերի մարդկանց աշխատանքի արդյունքն է, որովհետեւ դուք ձեր աշխատանքի շնորհիվ վերջին 20 տարում Արենին դարձրել եք ամենահայտնի բրենդներից մեկը, գինեգործության ամենահայտնի բրենդներից մեկը։ Եւ սա մի օրինակ է, թե ինչպես մարդն աշխատելով կարող է հասնել հեղափոխական էֆեկտների»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Թուֆենկյանի ներդրումը Հայաստանում հեղափոխական է եղել հյուրանոցային բիզնեսում։
«Մենք հույս ունենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր եղբայրները Հայաստանում կիրականացնեն իրենց ներդրումային ծրագրերը, եւ մեր Կառավարությունն ամեն ինչ կանի, որ դրանք իրագործվեն»,– ասաց Փաշինյանը։





























